Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհները ստիպել են ավելի քան 100,000 բնակչի լքել իրենց տները։ Այս ծանր իրավիճակում օգնության ձեռք է մեկնել Airbnb ընկերությունը՝ անվճար ժամանակավոր կացարան առաջարկելով տուժածներին։
Հրդեհների հետևանքով արդեն տասը մարդ է զոհվել, ավելի քան 1000 շինություն՝ ավերվել։ Չնայած հրշեջների ջանքերին, կրակը դեռևս շարունակում է տարածվել՝ ոչնչացնելով հազարավոր հեկտարներ։
Airbnb-ի բարեգործական թևը՝ Airbnb.org-ը, համագործակցելով 211 LA County կազմակերպության հետ, անվճար կացարան է տրամադրում տարհանված բնակիչներին։
«Կացարանն ամբողջովին անվճար է հյուրերի համար և ֆինանսավորվում է Airbnb.org-ի և մեր հյուրընկալող գործընկերների առատաձեռնության շնորհիվ», - նշված է ընկերության հայտարարության մեջ։
Ծրագրից օգտվելու համար դիմողները պետք է՝
- Լինեն տարհանման գոտու բնակիչ
- 18 տարին լրացած
- Գրանցված լինեն Airbnb-ում
Օգնությունը հասանելի է Ալտադենա, Մալիբու, Փասիֆիք Փալիսադես, Պասադենա, Սանտա Մոնիկա և Սիլմար շրջանների բնակիչներին։ Թեև ներկայումս բոլոր հասանելի վայրերն արդեն զբաղված են, 211 LA County-ն առաջարկում է տուժածներին շարունակել դիմումների ներկայացումը։
Նրանք, ովքեր ցանկանում են իրենց բնակարանները տրամադրել տուժածներին, կարող են այցելել Airbnb.org կայքը և գրանցվել որպես հյուրընկալող։
Բացի Airbnb-ի առաջարկից, տարհանված բնակիչները կարող են օգտվել նաև պաշտոնական ապաստարաններից, ինչպիսիք են Վեսթվուդի, Փան Փասիֆիկի և Ռիչի Վալենսի հանգստյան կենտրոնները։ Իսկ կենդանիների համար բաց է Լոս Անջելեսի ձիավարության կենտրոնը։