1624 թվականից ի վեր Դանիայում գոյություն ուներ համապարփակ փոստային ծառայություն նամակներ և ծանրոցներ ուղարկելու համար, սակայն թվային ծառայությունների շուկայի զարգացմանը զուգընթաց թղթային փաստաթղթերի օգտագործումը կտրուկ նվազել է: Այժմ երկիրը համարվում է աշխարհի ամենաթվայնացված երկրներից մեկը. ցանկացած կարիքի համար գոյություն ունի հավելված, փաստաթղթերը պահվում են սմարթֆոններում, իսկ իշխանությունները հաշիվները ուղարկում են ցանցով:
Հենց այս պատճառով դանիական փոստային ծառայությունը հայտարարել է, որ ամբողջությամբ հրաժարվելու է թղթե նամակներից՝ փոխարենը կենտրոնանալով ծանրոցների վրա, քանի որ շուկան այլևս շահույթ չի բերում: Այսպիսով, 2000 թվականից նամակների քանակը 1,4 միլիարդից նվազել է մինչև 110 միլիոն տարեկան: Իսկ երկրի բնակչության 95%-ն արդեն ամբողջությամբ անցել է թվային փոստի, բացառությամբ մոտ 271 000 մարդու:
«Թվայնացման աճին զուգահեռ Դանիայում նամակների քանակը արագորեն նվազում է, ուստի PostNord-ը 2026 թվականին կդադարեցնի դրանց առաքումը՝ կենտրոնանալով դանիացիների համար ծանրոցների նախընտրելի մատակարար դառնալու վրա», - նշում է պետական PostNord ընկերությունը:
Ի վերջո, փոփոխությունները կազդեն նաև փոստային ծառայության աշխատակիցների վրա: PostNord ընկերությունը կկորցնի առնվազն 1500 աշխատակից 4600-ից և ստիպված կլինի փողոցներից հեռացնել հազարավոր փոստարկղեր: Բայց մարդիկ դեռ կկարողանան ուղարկել նամակ, եթե անհրաժեշտություն առաջանա, բայց արդեն այլ կազմակերպությունների միջոցով: Օրինակ՝ DAO դիստրիբյուտորի միջոցով, որը շահել է պետական փոստի առաքման պայմանագիրը:
Ներկայումս Եվրոպայի շատ փոստային ծառայություններ բախվել են արագ թվայնացման խնդրին: Այսպես, գերմանական Deutsche Post ընկերությունը ստիպված է կրճատել ավելի քան 8000 աշխատատեղ՝ ծախսերը նվազեցնելու համար: Իսկ Մեծ Բրիտանիայի հիմնական փոստային բիզնեսը՝ Royal Mail-ը, փորձում է խնայել հարյուրավոր միլիոնավոր ֆունտեր՝ ոչ հրատապ նամակներն առաքելով շաբաթվա այլընտրանքային օրերին: