Ամեն ինչ թվում է պարզ՝ գրանցվում ես լողավազանում, վերցնում սրբիչդ ու ուղևորվում դեպի ջուրը։ Բայց հենց փոխվում ես հանդերձարանում, հասկանում ես, որ այդ հին, ծովափնյա երկար շորտերը ոչ միայն խանգարում են լողալուն, այլև կարող են պարզապես արգելված լինել։ Այո՛, լողավազան գնալը լողափ գնալ չէ, և տղամարդկանց համար ճիշտ լողազգեստ ընտրելը իրականում ավելի կարևոր հարց է, քան թվում է առաջին հայացքից։
Ճիշտ լողազգեստը՝ լողավազանների «դրես-կոդ»
Շատ լողավազաններ ունեն հստակ պահանջներ․ լողազգեստը պետք է լինի մարմնին կիպ, պատրաստված հատուկ քլորակայուն կտորից։ Պատճառն՝ պարզ է. հիգիենա, անվտանգություն ու շարժման ազատություն։ Իսկ երկար, լայն շորտերը, որքան էլ հարմար թվան, կարող են ներծծել ջուրը, ծանրանալ և նույնիսկ խոչընդոտել լողի տեխնիկային։
Հետևաբար՝ մինչև առաջին ջուր մտնելդ կարևոր է ընտրել այնպիսի լողազգեստ, որը համապատասխանում է և՛ լողավազանի կանոններին, և՛ քո հարմարավետությանը։
Հիմնականում տղամարդկանց լողազգեստները բաժանվում են մի քանի կատեգորիայի՝ յուրաքանչյուրը իր նպատակի և հարմարավետության մակարդակով․
- Սլիպեր (briefs)
Դասական «լողավարտիքներ», որոնք ամուր կպչում են մարմնին։ Դրանք հիմնականում ընտրում են պրոֆեսիոնալ լողորդները, քանի որ չեն խանգարում շարժումներին։ Այո՛, կարող են մի փոքր համարձակ թվալ, բայց իրենց գործը հիանալի կատարում են։
- Բոքսեր (boxer briefs)
Ավելի փակ տարբերակ՝ հարմար նրանց համար, ովքեր նախընտրում են համեստություն ու մի փոքր ազատություն միաժամանակ։ Շատ լողավազաններ ընդունում են այս տարբերակը, եթե դրանք հատուկ լողազգեստի կտորից են։
- Ջամերներ (jammers)
Այս տարբերակը ծածկում է ազդրերը՝ մինչև ծունկ։ Այն լայն տարածում ունի սպորտային լողի աշխարհում։ Եթե լողավազան ես գնում լուրջ մարզվելու նպատակով, սա լավագույն ընտրություններից է։
Լողավազանի no-go՝ լայն շորտեր
Այո՛, դա հենց այն տարբերակն է, որ սիրում ենք ծովափում։ Բայց լողավազանում նման շորտերը հաճախ պարզապես չեն թույլատրվում՝ վատ հիգիենայի և անհարմար կառուցվածքի պատճառով։
Եթե լողավազան ես հաճախելու շաբաթական մեկից ավելի անգամ, ուշադրություն դարձրու կտորին։
Լավագույն տարբերակներն են՝
-
Պոլիեսթեր,
-
Պոլիամիդ,
-
կամ նրանց խառնուրդը էլաստանով (Lycra)։
Դրանք դիմացկուն են քլորին, պահպանում են ձևը և չեն մաշվում արագ։
Լողից հետո լողազգեստը անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով՝ քլորից ազատելու համար։
Չի կարելի չորացնել արևի տակ կամ տաք ջեռուցման սարքերի վրա․ դա կարող է վնասել կտորը։
Ավելի երկար օգտագործման համար՝ խուսափիր լվացող սուր նյութերից։
Լողազգեստը՝ դա քո հարմարավետության, առողջության ու նույնիսկ տրամադրության բանալին է լողավազանում։ Ճիշտ ընտրված լողազգեստը ոչ միայն գեղեցիկ տեսք է ապահովում, այլ նաև թույլ է տալիս կենտրոնանալ գլխավորի վրա՝ ջրի մեջ հաճույքի ու հանգստի զգացողության։