Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։
«Անորա»-ն, որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
Եվ այսպես, «լավագույն ֆիլմ» անվանակարգում «Անորա»-ի հետ միասին առաջադրվել էին Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը», Ջեյմս Մենգոլդի «Բոլորին անհայտը», Էդվարդ Բերգերի «Կոնկլավ»-ը։ «Լավագույն ֆիլմ»-ի տիտղոսին էին հավակնում նաև «Սուբստանցիա», «Էմիլիա Պերես», «Դյունա. մաս 2», «Ես դեռ այստեղ եմ», «Նիկելե տղաները», «Չարը» ֆիլմերը։
Լավագույն դերասան է ճանաչվել Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Այս անվանակարգում առաջադրված էին նաև, Թիմոթի Շալամեն «Բոլորին անհայտը» ֆիլմում հայտնի ռոք երաժիշտ Բոբ Դիլանին մարմնավորելու համար, Ռալֆ Ֆայնսը «Կոնկլավ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, Սեբաստիան Ստենը «Աշակերտը» ֆիլմում Դոնալդ Թրամփին մարմնավորելու համար և Կալման Դոմինգոն «Սինգ-սինգ» ֆիլմում գլխավոր դերի համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքի Մեդիսոնը («Անորա»): Տվյալ անվանակարգում առաջադրված էին նաև Դեմի Մուրը («Սուբստանցիա»), Սինտիա Էրիվոն («Չարը»), Կառլա Սոֆիա Գասկոնը («Էմիլիա Պերես»), Ֆեռնանդա Տոռեսը («Ես դեռ այստեղ եմ»)։