Apple-ը ներկայացրել է AirPods Pro-ի երրորդ սերունդը, որը վերջին տարիների ամենամեծ թարմացումն է։ Նոր ականջակալները ստացել են բարելավված ձայն, նոր սենսորներ սպորտի և առողջության համար, ինչպես նաև այլ բարելավումներ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում դրանց օգտագործումը։
Ընկերությունը միանգամից մի քանի ուղղություն է առանձնացրել՝ ձայնի որակ, մարտկոցի աշխատանքի տևողություն, ֆիթնես հնարավորություններ և ամենօրյա հարմարավետություն։ Արդյունքում, AirPods Pro 3-ը ոչ թե պարզապես թարմացում է, այլ նոր սերունդ։
Ահա, թե ինչ է փոխվել:
-
Աղմուկի մեկուսացում: AirPods Pro 3-ն աղմուկը ճնշում է երկու անգամ ավելի արդյունավետ, քան Pro 2-ը, և չորս անգամ ավելի, քան առաջին տարբերակը։
-
Բարելավված ձայնի որակ: Ականջակալներում փոփոխվել է ակուստիկ ճարտարապետությունը և ադապտիվ հավասարիչը (էկվալայզեր)։ Բասը դարձել է ավելի խորը, իսկ ձայնը՝ ավելի մաքուր։
-
Մարտկոցի ավելի երկար կյանք: Ականջակալներն այժմ կարող են աշխատել մինչև 8 ժամ՝ նախորդ սերնդի 6 ժամի փոխարեն։ Պատյանն ապահովում է լրացուցիչ մինչև 24 ժամ լսելու հնարավորություն։
-
Սրտի զարկերի սենսոր՝ մարզումների համար: AirPods Pro 3-ում ներկառուցված է սրտի զարկերի սենսոր։ Այն թույլ է տալիս հետևել սրտի զարկերին, այրված կալորիաներին և մարզման ընթացքին՝ տվյալները համաժամեցնելով «Ֆիթնես» հավելվածի հետ։ Դրա համար այլևս Apple Watch-ի կարիք չկա։
-
Բարելավված դիզայն և նոր ներդիրներ: Կորպուսը դարձել է ավելի կոմպակտ։
-
IP57 պաշտպանություն: Ականջակալներն այժմ դիմանում են ոչ միայն քրտինքին և անձրևին, այլև կարճատև մինչև մեկ մետր խորությամբ ջրի մեջ ընկղմվելուն։ Սա դրանք դարձնում է ավելի հուսալի մարզումների և դրսում օգտագործելու համար։
-
U2 չիպը պատյանում: Լիցքավորման պատյանը ստացել է երկրորդ սերնդի նոր Ultra Wideband չիպ։ Այժմ այն «Տեղորոշիչ» հավելվածի միջոցով գտնելն ավելի հեշտ է. ազդանշանն ավելի ճշգրիտ է աշխատում և ավելի մեծ հեռավորության վրա։
AirPods Pro 3-ն արդեն հասանելի է նախնական պատվերով և վաճառքի կհանվի սեպտեմբերի 19-ին։ Սա ոչ թե պարզապես թարմացում է, այլ լուրջ ցատկ. ականջակալներն ավելի լավ են հնչում, ավելի երկար են աշխատում և օգնում են հոգալ առողջության մասին։