Օբյեկտը կառուցվում է Շանհայի ափից մոտ 10 կմ հեռավորության վրա և գրեթե ամբողջությամբ սնուցվելու է մոտակայքում գտնվող օֆշորային հողմաէլեկտրակայանից։
223 միլիոն դոլար արժողությամբ նախագիծն իրականացնում է Hailanyun ընկերությունը։ Առաջին փուլը նախատեսված է 198 սերվերային պահարանների համար (մինչև 792 արհեստական բանականության սերվեր) և պետք է շահագործման հանձնվի արդեն այս սեպտեմբերին։ Իր հզորությամբ կենտրոնը կկարողանա մեկ օրում կատարել GPT-3.5 մոդելի ուսուցման մակարդակի առաջադրանք։
Ըստ մշակողների՝ ծովի ջրով հովացումը թույլ է տալիս էներգիայի սպառումը կրճատել առնվազն 30%-ով՝ ցամաքային տվյալների կենտրոնների համեմատ։
Ստորջրյա սերվերային կորպուսների գաղափարը նախկինում փորձարկել էր Microsoft-ը Natick նախագծի շրջանակում, սակայն այն այդպես էլ չհասավ կոմերցիոն փուլի։ Իսկ չինական ընկերությունը մտադիր է տեխնոլոգիան զարգացնել արդյունաբերական մասշտաբով՝ ակնկալելով պետական աջակցություն։
Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են ծովային էկոհամակարգերի համար հնարավոր ռիսկերի և նման օբյեկտների՝ հարձակումների նկատմամբ խոցելիության մասին։ Սակայն Hailanyun-ը պնդում է, որ բնապահպանական ազդեցությունը լինելու է նվազագույն։