Տիգրան Շահվերդյանի Robomart ստարտափը ներկայացրել է իր նոր Robomart RM5 ինքնավար մատակարարման ռոբոտը, որի նպատակն է շահավետ դարձնել առաքումները։
Չորրորդ մակարդակի ինքնավարությամբ աշխատող այս ինքնավար ռոբոտը չափերով մոտ է մինի ավտոբուսի եւ կարող է տեղափոխել ավելի քան 200 կգ բեռ։ RM5 մեքենան բաղկացած է պատվերների համար նախատեսված 10 առանձին պահարանից, ինչը թույլ է տալիս մեկ ուղեւորության ընթացքում կատարել մի քանի առաքում։
Ինչպես Instacart-ը կամ Uber Eats-ը, ընկերությունը նախատեսում է գործարկել սեփական հավելվածը, որտեղ հաճախորդները կարող են ուսումնասիրել տարբեր խանութների, ռեստորանների եւ մթերային կետերի առաջարկները։ Ըստ Robomart-ի՝ հաճախորդները յուրաքանչյուր պատվերի համար կվճարեն միայն 3 դոլար համաչափ առաքման վճար` առանց հավելյալ գանձումների:
Ռոբոտացված առաքումները հատկապես բախվում են մի շարք խոչընդոտների, ներառյալ ռոբոտատեխնիկայի եւ արհեստական բանականության ծրագրաշարի մշակման բարձր նախնական ծախսերը։
«Քանի որ RM5 հարթակը կարող է տեղափոխել մինչեւ 50 անգամ ավելի բեռ, քան փոքր ռոբոտները կամ դրոնները, այն հնարավորություն է տալիս մեզ ժամում սպասարկել շատ ավելի հաճախորդների՝ առանց մարդկային աշխատանքի եւ տարողության սահմանափակումների», - նշել է Robomart-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանը։