Tesla-ն պաշտոնապես ներկայացրել է իր ամենահաջողված մոդելներից մեկի՝ Model Y-ի թարմացված տարբերակը: Նախ այն թողարկվել է Չինաստանում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներում, իսկ այժմ պատրաստվում է մուտք գործել եվրոպական շուկա:
Նոր Model Y-ը հայտնի է «Juniper» անունով : Մեքենայի դիզայնը ոգեշնչված է Cybertruck-ի ոճից՝ ներառելով նեղ լուսարձակներ և LED լուսային շերտ: Հետևի մասում նույնպես տեղադրված է լուսային շերտ, ինչը տարբերակիչ հատկանիշ է նախորդ մոդելից:
Ներքին հարդարանքում ևս կատարվել են զգալի բարելավումներ: Ավելացվել է շրջակա լուսավորություն և հետևի ուղևորների համար լրացուցիչ էկրան: Նստատեղերն այժմ ունեն օդափոխման ֆունկցիա, իսկ հետևի նստարանների թիկնակները ծալվում են էլեկտրականության միջոցով:
Տեխնիկական առումով մեքենան դարձել է ավելի հզոր և արդյունավետ: Երկշարժիչանի տարբերակը կարող է արագություն զարգացնել 0-100 կմ/ժ ընդամենը 4.3 վայրկյանում՝ նախկին 4.9-ի փոխարեն: Մեկշարժիչանի մոդելները սարքավորված են CATL ընկերության 62.5 կՎտժ LFP մարտկոցներով և առաջարկում են 220 կՎտ առավելագույն հզորություն:
Երկշարժիչանի տարբերակն օգտագործում է LG Energy Solution-ի 78.4 կՎտժ լիթիում-իոնային մարտկոցներ՝ ապահովելով 331 կՎտ ընդհանուր հզորություն:
Չինաստանում մեքենայի գինը սկսվում է 263,500 յուանից (մոտ 35,900 ԱՄՆ դոլար), իսկ առաջին առաքումները նախատեսված են մարտ ամսին: Եվրոպական շուկայում թողարկման ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն Tesla-ն արդեն սկսել է նոր մոդելի արտադրությունը Բեռլինի Gigafactory-ում:
Նշենք, որ Model Y-ը Tesla-ի ամենաշատ վաճառվող մոդելներից է, և այս թարմացումը նպատակ ունի ամրապնդել ընկերության դիրքերը էլեկտրական մեքենաների շուկայում: