2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։
2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։ Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։
Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։ Ներքին պետական պարտքը ձևավորվում է հիմնականում գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որոնք ձեռք են բերում մեծ մասամբ ռեզիդենտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետությունը այդպիսով պարտք է մնում ռեզիդենտներին։
Նույն ընթացքում արտաքին պարտքը նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Արտաքին պարտքը հիմնականում օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպերպություններից վերցված վարկերն են, եվրապարտատոմսերից ստացված գումարները։
Հայաստանի 6 մլրդ 454 մլն դոլար արտաքին պարտքի փոքր մասը՝ 504 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ ՀՀ կառավարության։
Տարիների ընթացում Հայաստանի պետական պարտքը միայն աճել է։
Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին ձգտում է ավելի արագ ավելացնել ներքին պարտքը, քան արտաքինը։ Սա բացատրվում է առաջին հերթին փոխարժեքի տատանումների ռիսկերի չեզոքացմամբ, քանի որ ստացվում և մարվում է ՀՀ դրամով, ինչպես նաև՝ սպասարկման գումարները՝ տոկոսավճարները, ներքին տնտեսությունում թողնելով։ Մյուս կողմից՝ պետական պարտքի տոկոսավճարները, որպես կանոն, ավելի բարձր են։ Այլ կերպ ասած՝ ներքին պարտքն ավելի թանկ է։